Թուրքիայում չեն հանդարտվում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նախագահ Էրդողանի հանդիպման շուրջ ծագած կրքերը: Հատկապես բուռն քննարկման թեմա է դարձել ռուսական մեդիայում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Պուտինը միջանցքում սպասեցնում թուրքական պատվիրակությանը: Էրդողանի գլխավորած՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական դաշնակիցը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ նման քայլը վիրավորանք է՝ ուղղված և՛ Թուրքիայի նախագահին, և՛ բոլոր թուրքերին, հայտնում է ermenihaber-ը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ համոզված է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունը դիտավորյալ է ցուցադրել Թուրքիայի պատվիրակության անդամներին սպասեցնելու կադրերը, և դրանք որակել է «մինչև այժմ Թուրքիայի համար չտեսնված ու չլսված ամոթ»:
Քըլըչդարօղլուն հարց է ուղղել Էրդողանին. «Եթե այդքան ուրախացել եք հրադադարի համար, այդ դեպքում վերջին 1 ամսում 59 թուրք զինվոր հանուն ինչի՞ զոհվեց»: