Ուկրաինայի Գերագույն ռադան հրաժարվեց Ալեքսեյ Գոնչարուկի տեխնոկրատ նախարարների կաբինետից, որն այդ ընթացքում հասցրեց ստանալ «ամենա-»-ի պատվավոր կարգավիճակը: Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն ամենակարճ ժամանակահատվածում՝ վեց ամսում, ղեկավարեց երիտասարդ տեխնոկրատների խմբին, բայց՝ անհաջող:

Նախագահ Զելենսկին խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոստովանել է, որ «չգողանալը բավարար չէ», պետք է շատ աշխատել:
Արդեն նախկին վարչապետ Գոնչարուկը արդարացել է՝ պատճառաբանելով, որ վեց ամիսը կարճ ժամանակ է ցանկացած կառավարության աշխատանքը գնահատելու համար:

Այժմ Ուկրաինայի կառավարությունը կգլխավորի Դենիս Շմիգալը, որը նախկինում աշխատել է օլիգարխ Ռինատ Ախմետովի կառույցներում: Նախագահ Զելենսկին հույս է հայտնել, որ Շմիգալի կառավարությունը կդառնա «կառավարություն մարդկանց համար»: «Նախորդ կառավարությունն արեց հնարավոր ամեն ինչ, բայց այսօր ուկրաինացիներին պետք է մի կառավարություն, որը կկատարի անհնարինը: Հուսով եմ, որ հենց այդպիսին կլինի նախարարների հաջորդ կաբինետը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
