Անկարայի դատախազությունը դատարանում ցմահ բանտարկություն է պահանջել բոլոր այն ութ անձանց համար, որոնք մեղադրվում են 2016 թվականին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ: Այդ մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ՝ այս գործով շուրջ 28 ամբաստանյալ էին անցնում, որոնցից 5-ի համար դատախազությունը պահանջել է 15 տարվա ազատազրկում, ևս 5 հոգի օրերս ազատ են արձակվել, որովհետև բավարար ապացույցներ չեն գտնվել նրանց մեղադրելու համար, 9 մարդ էլ փախուստի է դիմել, որոնց գործն առանձնացվել է:
Դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում, ցուցահանդեսի բացման ժամանակ: Բուն մարդասպանը 22-ամյա նախկին ոստիկան էր՝ Մևլութ Ալթընթաշը, որն անվտանգության ուժերի կողմից գնդակահարվել էր հենց հանցագործության վայրում: Թուրքական իշխանությունները մարդասպանին կապել էին Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, որին պաշտոնական Անկարան համարում է ձախողված վերջին ռազմական հեղաշրջման նախաձեռնող և Թուրքիայի թշնամի: