Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, որպես օպերատիվ լուծում պահանջող հարց, անմիջապես կապ է հաստատել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել է հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:
Հիշեցնենք, որ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հերքել էր, թե մարզպետներին հանձնարարվում է աշխատել ԱՅՈ-ի օգտին:
«Եթե կան փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ Այո-ի շտաբի կողմից, առավել ևս տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Սուրեն Պապիկյանը:
ՏԿԵ նախարարի հայտարարությանը Ոչ-ի ճամբարից արձագանքել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. «ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է ԱՅՈ-ի ուղիղ քարոզչություն»։