«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա է ընդունվել բրոնխիոլիտ ախտորոշումով մեկ ամսական երեխա։ Օբյեկտիվ զննման ժամանակ առկա են եղել արտահայտված հևոց, ինտոքսիկացիա՝ մարմնի նորմալ ջերմաստիճանի ֆոնին։ Հերթապահ մանկաբույժ Նունե Պողոսյանի ուշադրությունը գրավել են արտահայտված տախիկարդիան, սրտի խիստ խլացած և առիթմիկ տոները։
Հայտնաբերվել է սրտի սահմանների լայնացում, ինչպես նաև կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքում՝ սրտի սահմանների զգալի մեծացում:
Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի հետ խորհրդակցությունից հետո հրավիրվել է մանկական սրտաբան, որը էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերել է աորտայի փականային ստենոզ՝ կրիտիկական կոարկտացիայով, բաց օվալ անցք, միջնախասրտային խտրոցի դեֆեկտ, միտրալ փականի անբավարարություն։ Նշված ախտորոշումով երեխայի կյանքին վտանգ սպառնացող վիճակը պահանջում էր անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Երեխան կլինիկայում գտնվել է ընդամենը վեց ժամ, որի ընթացքում թթվածնի սատուրացիան իջել է 93-86%։
Համալսարանական հիվանդանոցային համալիրի ռեանիմոբիլով՝ բժշկի ուղեկցությամբ, երեխան տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կատարվել է անհետաձգելի վիրաբուժական կորեկցիա։ Վիրահատության առաջին փուլն անցել է բարեհաջող, սակայն նշված սրտի բարդ արատը շտկելու համար անհրաժեշտ են կորեկցիայի ևս երկու փուլ։ Մասնագետների թիմը փոքրիկ պացիենտին մաղթում է առողջություն։