Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ վաղը՝ ժամը 13։30-ին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բարեկարգված պայմաններով կբացվի Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող 526 երեխա։
Համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանագեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։
Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքի բացմանը ներկա կլինեն անվանի բժիշկներ, ինչպես նաև կլինիկայում բուժում ստացող երեխաները։