Վլադիսլավ Սուրկովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնից իր հրաժարականը: Նա նշել է, որ դա իր որոշումն է եղել, ինքն է պետության ղեկավարին խնդրել ազատել իրեն այդ պաշտոնից:
Սուրկովը խոստովանել է, որ դեռևս 2013-ին է հասկացել, որ «համակարգում տեղ չունի» և մտադիր է եղել հեռանալ, բայց ինչ-ինչ պատճառներով մնացել է քաղաքացիական ծառայության մեջ:
Սուրկովը հիմնականում զբաղվում էր Ուկրաինայի ու Դոնբասի հարցերով, սակայն, իր բնութագրմամբ, այդ խնդրի համատեքստը փոխվել է, և ինքն այլևս անելիք չունի: Դիտորդները նկատել են, որ 7 տարվա ընթացքում Սուրկովին չհաջողվեց հաջողության հասնել: Միաժամանակ Ռուսաստանի նախագահի նախկին օգնականը անհավանական է համարել Դոնբասի վերադարձը Ուկրաինային:
«Իմ երևակայությունն այնքան ուժեղ չէ, որ դա պատկերացնեմ: Դոնբասը արժանի չէ նման նվաստացման: Ուկրաինան արժանի չէ նման պատվի»,- ասել է Սուրկովը:
Պուտինի նախկին օգնականը հաստատել է, որ չի ծրագրում վերադառնալ աշխատանքի Կրեմլում, բայց կշարունակի զբաղվել քաղաքականությամբ: Սուրկովը հրաժարվել է խոսել իր աշխատանքի ապագա հեռանկարների մասին: