Վրաստանում ընդդիմությունը փորձել է խափանել խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Ընդդիմադիր պատգամավորներ Թինա Բոկուչավան և Էլենե Խոշստարիան խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստի էին եկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի պատկերով դիմակավորված:
Հանձնաժողովը լսում էր գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուի՝ Իրակլի Շոթաձեի հարցը: Ընդդիմության ներկայացուցիչները ներս են մտել դիմակներով, թռուցիկներ են բաժանել մնացած պատգամավորներին և վանկարկել, որ բոլորն Իվանիշվիլիի ստրուկներն են: Միջադեպը հեռարձակվել է վրացական Առաջին ալիքով:
Դահլիճում ներկա պատգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել ընդդիմության գործողություններին և նրանց խնդրել «ներկայացումը» շարունակել շենքից դուրս:
Վրաստանի խորհրդարանը ընտրում է գլխավոր դատախազ՝ վեց տարի ժամկետով: Շոթաձեն նախկինում էլ է զբաղեցրել այդ պաշտոնը, բայց 2018 թվականին հրաժարական է տվել դեռահասների սպանության աղմկահարույց գործի պատճառով: