Իտալիայի նախկին փոխվարչապետ և Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարող է դատվել լիազորությունները չարաշահելու և ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքներով: Սենատի անդամների մեծամասնությունը քվեարկել է այս դատավարության շրջանակում Սալվինիին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:
Սալվինին դարձել է ամբաստանյալ «Գրեգորետի» նավի գործով, որը անցյալ տարվա հուլիսին կալանվել էր իտալական Աուգուստա նավահանգստում: Նավում հարյուրից ավելի փախստականներ են եղել, որոնց փրկել էին Միջերկրական ծովում: Այդ ժամանակ Սալվինին զբաղեցնում էր ՆԳ նախարարի և փոխվարչապետի պաշտոնները: Նա անձամբ թույլ չի տվել ուղևորներին ափ իջեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ գործընկերները չեն համաձայնել ընդունել այդ անօրինական ներգաղթյալներին: