Թուրքմենստանում 40-ից բարձր տարիքի տղամարդ պաշտոնյաները պարտավոր են սպիտակ մազեր ունենալ, որպեսզի նմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովին:
Ըստ Radio Svaboda-ի, երկրի Լեպաբի շրջանն այդ հարցում մի քայլ առաջ է անցել. փետրվարի 1-ից պաշտոնատար անձանց, դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է մազերը ներկել: Ավելին, եթե նրանք դեռևս իրենց բնական մազերի գույնն ունեն, պետք է դրանք սպիտակեցնեն: Որոշվել է նաև, որ տարածաշրջան այցի ընթացքում նախագահի հետ շփվեն միայն սպիտակամազ պաշտոնյաները:
Ավելի վաղ, երբ նախագահը ներկում էր մազերը, նույնն էին պարտադրում անել շրջանի տղամարդկանց: Իսկ այսօր նույնիսկ երկրի ղեկավարի բոլոր նախկին դիմանկարներն են փոխարինվել սպիտակամազ լուսանկարներով:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն հրապարակվել: