Ռուսաստանի Նախագահի կողմից ներում շնորհված իսրայելացի կնոջ՝ Նաամա Իսահարի պաշտպանական խումբը մտադիր է բողոքարկել դատավճիռը և պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով փաստաբանների հայտարարությունը:
Իսահարի դեմ դատավճիռը գնահատվում է որպես «ապօրինի և անարդար»: Պաշտպանությունը պնդում է, որ նրա չարդարացված քրեական հետապնդման ընթացքում կատարվել են Իսահարի իրավունքների բազմաթիվ և կոպիտ խախտումներ: Ըստ փաստաբանների՝ ներում ստանալով աղջիկն ազատվել է «պատժի հետագա կրումից», ինչը, սակայն, չի նշանակում նրա ոտնահարված իրավունքների վերականգնում:
Հունվարի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում շնորհեց Իսահարին, ում ձերբակալել էին 2019-ի ապրիլին «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում՝ պայուսակում հայտնաբերելով 9,6 գրամ թմրամիջոց: