ՆԱՏՕ-ն սկսում է «Եվրոպայի պաշտպան-2020» ուսումնական վարժանքները, որոնք համարվում են ամենախոշորը սառը պատերազմից հետո: Դրանք անցկացվելու են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, մերձբալթյան երկրներում և նույնիսկ Վրաստանում: Ծրագրին ներառված են ՆԱՏՕ-ի երկրների ցամաքային, ծովային և օդային ուժերը:
Զորավարժություններին կմասնակցի մոտ 37 հազար զինվոր 19 երկրից, միայն Պենտագոնն ուղարկում է 20 հազար ամերիկացի զինծառայող և սպա, ինչպես նաև 13 հազար միավոր ռազմական տեխնիկա: Ծրագիրը կտևի մոտ հինգ ամիս, որից հետո ԱՄՆ զինված ուժերը կվերադառնան հայրենիք:
Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները անհանգստացրել են Ռուսաստանին և ՀԱՊԿ մյուս անդամներին: Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զորավարժություններն անվանել է ՆԱՏՕ-ի զինուժի ավելացում Եվրոպայում, ինչը, ըստ նրա, է՛լ ավելի կմեծացնի ռազմաքաղաքական լարվածության մակարդակը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ն հերքել է, որ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, և վստահեցրել, որ դրանք կապված չեն որևէ կոնկրետ երկրի հետ: