Սպիտակ տան վարչակազմը պաշտոնական նախազգուշացում է հղել Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին՝ պահանջելով, որ նա հրաժարվի ընտրությունների նախօրեին հուշեր հրապարակելուց, որոնք կարող են վարկաբեկել նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրներին:
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը: Բոլթոնը, նրա ներկայացուցիչը, ինչպես նաև հրատարակիչ Simon & Schuster-ը նույնպես չեն արձագանքել մեկնաբանություններ տալու՝ CNN-ի խնդրանքին:
Ավելի վաղ The New York Times-ը, որն, իբր, ձեռքի տակ ուներ Բոլթոնի հուշերի ձեռագիրը, գրել էր, թե դրա պատճենը հանձնվել է Սպիտակ տուն, ինչը սովորական ընթացակարգ է, որովհետև դեռևս գործող վարչակազմն իրավունք ունի արգելելու այս կամ տեղեկության հրապարակումը:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ամերիկյան պահպանողականների ակսակալներից մեկը հանդիսացող Ջոն Բոլթոնը պատրաստակամություն հայտնեց ցուցմունք տալ Սենատում՝ Թրամփի իմփիչմենթի գործի վերաբերյալ:
Նրա ցուցմունքները կարող են պայթյունավտանգ լինել՝ նշում է Bloomberg-ը և հիշեցնում, որ Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հեռացնելու պատճառը Թրամփի հետ տարաձայնությունն էր Իրանի հարցում: Նախագահն առաջարկել է թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի հանդիպել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, իսկ Բոլթոնը կտրականապես դեմ էր դրան: Անցյալ տարվա սեպտեմբերին Օվալաձև գրասենյակում հատուկ փակ հանդիպում էր կայացել Իրանի վերաբերյալ, որտեղ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը նույնպես սատարել էր Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու նախագահի առաջարկությանը, ինչին Բոլթոնը դարձյալ դեմ էր արտահայտվել:
Հաջորդ օրը Թրամփը հայտարարեց ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնանկության մասին, սակայն, իրադարձություններն այնպես զարգացան, որ չհասցրեց ետ քաշվել բոլթոնյան ուղուց, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան հրամանով առավել վատթարացնելով հարաբերությունները Թեհրանի հետ: