Մենք բոլորս դատապարտել ենք բռնության կոչերը, նման դրսևորումներ մեր երկրում չպիտի լինեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի Ֆեյսբուքի գրառմանը:
«Թույլ տվեք այս պահին իմ սուբյեկտիվ կարծիքը չասեմ, կորոշենք և հայտարարությունը կտարածենք»,- նշեց ավագանու անդամը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք Հարթենյանը պետք է հեռանա ավագանուց:
«Հարցեր կտանք, նա կմեկնաբանի, և հույս ունեմ, որ արդարացումը պատճառաբանված կլինի, չնայած այս դեպքում ցանկացած արդարացում, ինչպիսին էլ այն լինի, ընդունելի չի լինելու»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր Ֆեյսբուքի էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Միջադեպի առնչությամբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: