ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։
Կողմերը կարևորել են նախաձեռնության դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ պայմանավորվելով շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։
TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը։