Հունվարի 22-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում են աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ և պատվիրակներ, որոնք արձագանքել են Հոլոքոստի միջազգային ֆորումի հրավերին:
Միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն, «Կահոլ Լավան» կուսակցության նախագահ Բենի Գանցը, Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Էստեր Խայութը, ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին, Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, ԱԳ նախարար Իսրայել Կացը և այլք:
Ելույթ ունենալով ընդունելության ժամանակ՝ Ռիվլինն ասել է. «Սա պատմական հանդիպում է ոչ միայն Իսրայելի պետության և հրեա ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Այսօր երեկոյան, երբ մենք հարգում ենք Հոլոքոստի և Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը, մենք պետք է նաև հիշատակենք ազատության և մարդկային արժանապատվության հաղթանակը…
Հուսով եմ և աղոթում եմ, որ այս սենյակից մեկ ուղերձ կհնչի աշխարհի յուրաքանչյուր երկրի համար: Ուղերձ այն մասին, որ աշխարհի առաջնորդները միավորվեն ռասիզմի, հակասեմականության և ծայրահեղականության դեմ պայքարում, ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում: Սա՛ է մեր մարտահրավերը»,- ասել է Ռիվլինը:
Հիշեցնենք, որ Իսրայելում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նույնպես մասնակցել է նախագահական ընդունելությանը: