Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կաբինետում, որին մաս են կազմել 20 հոգի, 6 կին նախարար է ընդգրկվել: Արաբական աշխարհի համար սա իսկապես ռեկորդային ցուցանիշ է: Լիբանանը դարձավ առաջին պետությունը Մերձավոր Արևելքում, որտեղ Պաշտպանության նախարարի և միաժամանակ փոխվարչապետի պաշտոնը կին է ստանձնել:
Լիբանանյան Maan-ի փոխանցմամբ՝ Զեյնա Աքարը սոցիալական գիտությունների և կառավարման ոլորտում 20 տարվա փորձ ունի: Մինչ այս ղեկավարում էր հասարակական կազմակերպություն, որը սերտ համագործակցում էր ՄԱԿ-ի հետ:
Երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել ՀՅԴ-ի կողմից առաջադրված Վարդինե Օհանյանը: Նա սոցիալական աշխատանքի առաջին աստիճան ունի և հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթական վերականգնողական հաստատություն է ղեկավարել: Նաև Անթիլիասի կենտրոնի խորհրդատուն է եղել երկար տարիներ:
Լամիա Յամինեն նշանակվել է Աշխատանքի նախարար: Նա կրթությամբ ճարտարապետ է և Լիբանանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսոր: Մինչ այս, նաև մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր:
Փախստականների հարցերով նախարար Ռադա Շրեյմը գիտությունների դոկտոր է, ֆրանսիական գրականության մասնագետ: Նա Լիբանանի համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկանն էր, հայտնի է՝ որպես կանանց իրավունքների ակտիվ պաշտպան:
Տեղեկատվության նախարարի պաշտոնը ստանձնել է Մանալ Աբդել Սամադը: Ըստ Maan-ի՝ Սամադը Սորբոնում իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել փայլուն ինքնադրսևորմամբ: Մինչև նախարար նշանակվելը՝ ղեկավարում էր Լիբանանի Ֆինանսների նախարարության հարկային իրավունքի բաժինը:
Վեցերրորդ կին նախարարի մասին մանրամասներ չեն հաղորդվում: