Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական մարմինը՝ The Economist Intelligence Unit-ը (EIU), հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցը, որում ներառված 165 երկրների և երկու տարածքների շարքում դիտարկվել է նաև Հայաստանը:
Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը: Ընդ որում, հաշվի են առնվում հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:
Բացի այդ, առանձնացվում են կառավարման 4 ձևեր, կամ՝ 4 տիպի երկրներ, որոնցում լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ է առկա:
Հայաստանը ներառվել է հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների շարքում և, անցած տարվա համեմատությամբ, բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, նշենք, որ մեր հարևան Վրաստանը Հոնդուրասի հետ կիսել է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցրել է 110-րդ հորիզոնականը՝ Հայաստանի ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում, իսկ ահա Ադրբեջանն զբաղեցրել է 146-րդ տեղը, ընդգրկվելով ավտորիտա՛ր ռեժիմով պետություննների շարքում:
Ի դեպ, Ռուսաստանն ու Իրանը նույնպես ավտորիտար պետություններ են որակվել: Ընդ որում, ՌԴ-ն 134-րդ հորիզոնականը կիսել է Կոնգոյի Հանրապետության հետ, իսկ Իրանը հանգրվանել է 151-րդ հորիզոնականում:
Գալով ժողովրդավար երկրներին՝ արձանագրենք, որ առաջին հորիզոնականում Նորվեգիան է: Նրան հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Չադը, Սիրիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան: