BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի փորձագետները քննարկում են երկրի նախագահի ուղերձը Դաշնային ժողովին և կառավարության հրաժարականը: Բոլորին հետաքրքիր է, թե ինչ ապագա է սպասվում Վլադիրմիր Պուտինին 2024 թվականին իր նախագահության ժամկետի ավարտից հետո:
Փորձագետները հիմնականում այն կարծիքին են, որ Պուտինը ստիպված էր ընտրել երեք սցենար՝ «չինական», «բելառուսական» և «ղազախական»: Առաջինի դեպքում Դուման պետք է վերացնի նախագահական երկու ժամկետի սահմանափակումը, երկրորդում Բելառուսի հետ ինտեգրումն է, որի դեպքում Պուտինն ընտրվում է որպես նոր պետության նախագահ: Երրորդ տարբերակով Պուտինը նախագահից վերածվում է «ազգի հոր»՝ Նուրսուլթան Նազարբաևի օրինակով: Արդյունքում իշխանություններն ընտրեցին երրորդ սցենարը, ենթադրում են փորձագետները:
Նրանք կանխատեսում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Պուտինը կղեկավարի Պետական խորհուրդը, քանի որ հայտարարեց Սահմանադրության մեջ այդ մարմնի կարգավիճակի և դերի ամրապնդման անհրաժեշտության մասին: Իսկ Պետական խորհուրդը իշխանության միջգերատեսչական այն մարմինն է, որը միավորում է նախագահի աշխատակազմին, կառավարությանը և տարածաշրջանային իշխանություններին: