Թեհրանում կործանված ուկրաինական Boeing 737-800 ուղևորատար օդանավը հրկիզվել է նախքան գետնին բախվելը: Այսպիսի նախնական եզրահանգման են եկել իրանցի մասնագետները: Իրանական կողմի եզրահանգումները հիմնված են ցամաքում ականատեսների ու ավիավթարի պահին օդում գտնող օդանավերի անձնակազմի անդամների վկայությունների վրա:
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավը թռիչքից րոպեներ անց ավիավթարի էր ենթարկվել, որի հետևանքով մահացել էին 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները: Երեք տարի առաջ արտադրված օդանավը վերջին ստուգումն անցել էր հունվարի 6-ին: