Հունաստանն ու Թուրքիան լուրջ տարաձայնություններ ունեն ծովային իրավասությունների սահմանազատման հարցում: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հակաօրինական է համարել նոյեմբերի 27-ի Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված Ռազմական համագործակցության և ծովային իրավասությունների սահմանազատման հուշագրերը, որոնց շրջանակներում հաստատվել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկու երկրների ծովային սահմանները, տեղեկացնում է ermenihaber-ը։
Եթե Թուրքիայի և Հունաստանի միջև պայմանավորվածություն ձեռք չբերվի Միջերկրական ծովում յուրաքանչյուր կողմի իրավունքների վերաբերյալ, ապա հարկ կլինի հարցը տեղափոխել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Միջերկրական ծովում իրավասություններ ունեցող Եգիպտոսն ու Կիպրոսը նույնպես դեմ են արտահայտվել այդ պայմանագրին։ Մինչդեռ Թուրքիան դեկտեմբերի սկզբին դիմել է ՄԱԿ՝ փաստաթուղթը գրանցելու համար։