Սիրիայի կառավարական ուժերը սաստկացրել են հարձակումները ջիհադիստների դիրքերի վրա Իդլիբ նահանգում և վերականգնել վերահսկողությունը տասնյակ բնակավայրերում: Զինված առճակատման, զանգվածային ավիահարվածների պայմաններում տեղի տասնյակ հազարավոր բնակիչներ փախչում են դեպի Թուրքիայի սահման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անհանգստացրել է սիրիական բանակի ակտիվությունը տարածաշրջանում: Նա զգուշացրել է, որ փախստականների թիվը կավելանա, եթե Դամասկոսը չդադարեցնի ռազմական գործողություններն Իդլիբում: Թուրքիան չի կարողանա ընդունել ևս 80 հազար փախստականների, և Եվրոպան կբախվի ներգաղթյալների նոր ալիքի, առաջինը, իհարկե, կտուժի Հունաստանը: Թուրքական պատվիրակությունն այսօր մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը:
Հարցն ուրբաթ քննարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին դրել Սիրիա միջսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմը երկարացնելու նախագծի վրա, որը ներկայացրել էին Բելգիան, Գերմանիան և Քուվեյթը: Մոսկվան պատճառաբանել էր, որ փաստաթղթում հաշվի չեն առնվել Սիրիայում տեղի ունեցած վերջին փոփոխությունները: Պեկինն էլ նշել է, որ պետք է գործողությունները համաձայնեցնել Սիրիայի կառավարության հետ, որպեսզի բեռները չընկնեն ահաբեկիչների ձեռքը: