Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) զգուշացրել է, որ տիեզերական բեկորները չափազանց վտանգավոր են դարձել: Ըստ ԵՏԳ-ի՝ մարդու կողմից ստեղծված ավելի քան 34 հազար առարկա է գտնվում Երկրի ուղեծրում, բայց չկան միջազգային համաձայնագրեր, որոնք կպարտավորեցնեն սեփականատերերին՝ չօգտագործվող սարքերը վերադարձնել Երկիր:
Փորձագետները զգուշացնում են, որ եթե անմիջապես չսկսվի աղբի մաքրումը, երկրագնդին մոտ տարածքը շուտով կդառնա ոչ պիտանի գործնական օգտագործման համար: Ընդ որում՝ օբյեկտների ոչնչացումը չի լուծի խնդիրը, այլ կառաջացնի ավելի մեծ թվով փոքր բեկորներ: Տիեզերական աղբի պատճառով արբանյակները ստիպված կլինեն ավելի շատ խուսափել բախումներից:
Տիեզերքում երթևեկությունը կարգավորող միջազգային օրենք չկա: «Իրավական տեսանկյունից տարածության մեջ կա լիակատար ազատություն: Ցանկացած երկիր իրավունք ունի անել այն, ինչ ուզում է»,- ասել է ԵՏԳ-ի անվտանգության մասնագետ Հոլգեր Կրագը:
Այսօր մասնագետները մտածում են տիեզերական բեկորները Երկիր վերադարձնելու ուղիների մասին: Ըստ մասնագետի՝ դա հեշտ գործ չէ, քանի որ պետք է աշխատեն փոքրիկ օբյեկտների հետ, որոնք ո՛չ լույս են արձակում, ո՛չ ազդանշաններ և ուղեծրում պատահական թռչում են 25 000 կմ/ժամ արագությամբ: Այս դեպքում ամենափոքր կտորը կարող է անուղղելի վնաս հասցնել:
Ուղեծիրը մաքրելու մեկ այլ լուծում կարող է լինել Երկրի մագնիսական դաշտի կամ հրթիռային պլազմային շարժիչների օգտագործումը: Ավելորդ առարկաները հեռացնելուց բացի՝ հաշվի են առնում նաև օգտագործելուց հետո ապագա սարքերը երկիր վերադարձնելու հնարավորությունը: