Թուրքիայում երեքշաբթի ձերբակալվել է ավելի քան 180 մարդ, որոնց մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար: Նրանց թվում է Իզմիր նահանգի Ուրլա քաղաքի ղեկավարը, որը նաև ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ է:
Թուրքիայի դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել նաև երկրի առողջապահության նախարարության 18 աշխատակիցների, այդ թվում՝ 10 բժշկի նկատմամբ:
Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, որի ժամանակ 240 մարդ զոհվեց, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորվեց:
Հեղաշրջման ձախողված փորձից հետո երեք տարվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ զինծառայողներ, ոստիկանության սպաներ, դատախազներ, լրագրողներ և իրավապաշտպաններ: Մոտ 130 հազար մարդ էլ պաշտոնանկ է արվել: