Չնայած վրացական ընդդիմությունը հայտարարում է, թե միավորվել է ընդդեմ իշխանության, այնուամենայնիվ, հակասություն է առաջացել «Միացյալ Վրաստան-Ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի պատճառով: «Ամոթ է» նախաձեռնությունը չի ողջունում վրացի առանձին գործիչների ռուսաստանյան այցերը: Նրանք համոզված են, որ օկուպանտ երկրի հետ երկխոսությունը պետք է անցնի միայն արևելյան գործընկերների մասնակցությամբ։ «Մենք համարում ենք, որ նմանօրինակ այցերը վնասում են երկրին, հանրության ու քաղաքական ուժերի ընդհանուր նպատակին, որոնք միավորվել են մեկ պահանջի շուրջ», նշված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, սակայն, ողջունել է Բուրջանաձեի այցը, և, ըստ ռուսական կողմի, վրացի քաղաքական գործիչը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ, քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակն ու հեռանկարները: Ռուսական կողմը հայտարարել է, որ շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի արգելքի դադարեցմամբ:
Ըստ ռուսական newsru լրատվական գործակալության՝ Բուջանաձեն հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի Արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հետ և խնդրել է օգնել Հարավային Օսիայի տարածքում ձերբակալված վրացի բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ազատ արձակմանը: Կոսաչևն ընդգծել է, որ հարցը Հարավային Օսիա ինքնավար պետության իրավասության ներքո է, որի ներքին գործերին Մոսկվան չի խառնվում, բայց ջանքեր կգործադրեն խնդիրը լուծելու համար՝ ելնելով հարցի մարդասիրական բնույթից:
Գափրինդաշվիլին ձերբակալվել է նոյեմբերի 9-ին Հարավային Օսիայի սահմանն անօրինական անցնելու պատճառաբանությամբ: Բժշկին ազատ արձակելուն աջակցելու խնդրանքով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵՄ և ԵԱՀԿ նախագահներին: