BBC-ն հրապարակել է Մահերամ Զեյնալովայի հոդվածը «Մեռիր կամ խոստովանիր» վերնագրով: Հեղինակը տեղեկացրել է, թե ինչպես են ադրբեջանական բանակում հայ լրտեսներ փնտրել խոշտանգումների միջոցով:
2017 թվականին Հայաստանի օգտին լրտեսելու համար ադրբեջանական բանակում 100 զինվորի և սպայի են ձերբակալել: Նրանցից 25-ին դատապարտել են երկարատև բանտարկության, իսկ 9-ը զոհվել են կտտանքներից:
2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնեցին լրտեսության մեղադրանքով ձերբակալությունների մասին: Ավելի ուշ հետաքննությունն արդարացրեց մահացած 8 անձանցից 4-ին, իսկ նրանց գործերը հետաքննող քննիչները դատապարտվեցին մինչև 7 տարվա ազատազրկման։
Հանրությունը 2017-ի մայիս-հունիս ամիսների զանգվածային խոշտանգումների մասին տեղեկացավ միայն 2019-ին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել դեպքի մանրամասները:
Այսօր Ադրբեջանում այն կոչվում է «Թարթառի գործ»` այն տեղանքի անունով, որտեղ զինվորականներին հետաքննել են:
Հոդվածի հեղինակը ներկայացրել է զոհված զինծառայողների կանանց հուշերն այդ օրերի մասին: Ադրբեջանում արդեն բացահայտ խոսում են բանակում առկա կոռուպցիայի մասին: Փորձագետներից ոմանք համոզված են, որ «Թարթառի գործը» բացահայտվեց, որովհետև բանակի հրամանատարությունը ցանկացավ թաքցնել 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ թույլ տրված բացթողումները: