Ռուսական Коммерсантъ պարբերականը նախկին Խորհրդային Միության երկրների առաջնորդների մասին նոր նախագծի երկրորդ թողարկումը նվիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հրապարակվել է տասը մեջբերում Փաշինյանի մտքերից, հայացքներից, հուշերից Հայաստանում հեղափոխության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ, և դրա իրականացման համար ծախսվել է 200 հազար դոլար:
«Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, ի դեպ, մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող նվիրեցին»,- պարբերականը մեջբերել է Նիկոլ Փաշինյանին:
Коммерсантъ-ը հրապարակել է նաև Փաշինյանի մտքերը, որոնք արվել են 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմից» հետո:
«Ղարաբաղում այն քաղաքացիները, որոնց հետ ես խոսեցի, ունեին այսպիսի մոտեցում. այս փուլում ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը լուրջ վնաս կրի, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը, գոնե մեկ տարի չկարողանան դուրս գալ շոկային վիճակից»,- ասել էր Փաշինյանը՝ որպես պատգամավոր:
Որպես ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ասել էր, որ անցած 20-25 տարվա ընթացքում «Ռուսաստանը հատիկ-հատիկ վերցրել է Հայաստանի ինքնիշխանությունը»:
Коммерсантъ-ը հրապարակել է Փաշինյանի հուշերը 1995-ին՝ հինգերորդ կուրսում քաղաքական պատճառներով իրեն Երևանի պետական համալսարանից հեռացնելու, իր ընտանիքի համար պետական ծախսերի, Ղարաբաղում որդու ծառայության, մեքենա վարելու և պետություն կառավարելու, սեռական գրագիտության, արտաքին տեսքի և փոխզիջումների մասին: