Այսօր Թբիլիսիում խորհրդարանական մեծամասնության նիստ է ընթանում, որի ավարտին հնարավոր է պաշտոնապես հայտնի դառնա, թե ընտրական համակարգի վերաբերյալ ինչ համաձայնության են եկել «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին և մեծամասնական պատգամավորները: Առայժմ հայտնի է, որ քննարկվում է մինչև 2020 թվականը մեծամասնական ընտրակարգին անցնելու հարցը:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն էլ, ըստ РИА НОВОСТИ-ի, պատրաստվում են ընտրական համակարգի նոր մոդել առաջարկել իշխանություններին, որոնք խորհրդարանում տապալեցին 2020-ին համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը:
Ըստ ընդդիմության առաջնորդ Գեորգի Վաշաձեի՝ նոր մոդելը նշանակում է, որ ձայները համամասնորեն բաշխվելու են բոլոր թեկնածուների միջև, պահպանվելու է նաև մեծամասնական համակարգը, բայց կլինեն բազմամանդատ ընտրատեղամասեր: Յուրաքանչյուր ընտրող կունենա մեկ ձայնի իրավունք, հետևաբար, ըստ ընդդիմության, «ձայները բաշխվելու են արդար»: «Այս համակարգը հիմնված է գերմանական մոդելի վրա, բայց հաշվի է առնում վրացական իրականությունը և չի հակասում երկրի Սահմանադրությանը», - լրագրողներին ասել է Վաշաձեն:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել էր, որ իշխանություններն այս փուլում չեն դիտարկի որևէ փոփոխություն ընտրական համակարգում, իսկ 2020-ին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բացառապես խառը համակարգով: