«Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած 12 պատգամավորները որոշել են խորհրդարանական առանձին խմբակցության ստեղծել:
Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին խոստովանել է, որ կուսակցություն ստեղծելը բարդ է, մեծ ռեսուրսներ է պահանջում, և որոշել են գործունեություն ծավալել օրենսդիր մարմնի ներսում:
12 օրենսդիրները խորհրդարանական մեծամասնությունից իրենց հեռանալու մասին հայտարարեցին, երբ օրենսդիրները կողմ չքվեարկեցին համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություններին:
Վրաստանից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ ընդդիմությունը շարունակում է կողպեքների պատերազմը: «Ուժը միասնության մեջ է» քաղաքացիական շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան խորհրդանշական կողպեքը դրել է պետանվտանգության ծառայության գլխավոր գրասենյակի մուտքի վրա: Ավելի վաղ այն դատախազության գլխավոր մուտքի դարպասին էր: