Վենետիկի 76-րդ կինոփառատոնում կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու «Ես մեղադրում եմ» ֆիլմը միանգամից 4 մրցանակի արժանանալուց հետո այժմ հայտնվել է համաշխարհային վարձույթում: Եվ այս ամենը տեղի է ունենում ռեժիսորի նկատմամբ սեռական բռնության նոր մեղադրանքներ ներկայացնելու ֆոնին: Սեռական ոտնձգության ենթարկված առայժմ վերջին զոհը ֆրանսիացի դերասանուհի և լուսանկարիչ Վալենտին Մոնիեն է, ում Պոլանսկին բռնաբարել է 44 տարի առաջ Շվեյցարիայում, երբ դերասանուհին 18 տարեկան էր: Սեռական սկանդալները օսկարակիր ռեժիսորին հետապնդում են արդեն 40 տարի: Դրանցից ամենաաղմկահարույցը 1977 թվականին Միացյալ Նահանգներում էր: Պոլանսկին ընդունեց 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքը: Բայց մեծ պատժից խուսափելու համար ռեժիսորը փախավ Մեծ Բրիտանիա, այնուհետև՝ Ֆրանսիա, այս անգամ արտահանձնումից խուսափելու համար: Ռեժիսորը կտրականապես հերքում է մյուս բոլոր մեղադրանքները: