Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կրկին կփորձի ստանալ դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատգամավորների աջակցությունը, չնայած՝ նման մի նախաձեռնություն արդեն իսկ մերժվել էր: Այս անգամ, կառավարության ղեկավարի առաջարկի համաձայն, օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ձայների ոչ թե 2/3-ը, այլ պարզ մեծամասնությունը:
Միացյալ Թագավորության վարչապետը խորհրդարանականներին հայտնել է, որ երկրի օրենսդիր մարմինն «անգործություն» է ցուցաբերում և «այլևս չի կարող այս երկիրը պատանդ պահել»: Միաժամանակ՝ լեյբորիստներն էլ իրենց հերթին են նշել, որ կորցրել են վստահությունը Ջոնսոնի նկատմամբ:
Ի դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քվեարկությունն անցկացվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանականներն ընդունել էին Brexit-ի ժամկետը մինչև հունվարի 31-ը երկարաձգելու՝ Եվրամիության առաջարկը: