Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:
Ըստ այդմ, տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» - սաղմոնով կրուասան
«Մարիոթ Արմենիա» - ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ:
Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն:
Հիշեցնենք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:
«Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով բրուսկետա սննդատեսակներից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:
Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից: