Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ավարտել է վերջին յոթ տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա։ Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը ցանկություն են հայտնել խորացնելու երկկողմ հարաբերությունները։
Չինական մամուլի տվյալով՝ Սին ընդգծել է Պեկինի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակցությունը առևտրի, գյուղատնտեսության, շինարարության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Չինաստանի ղեկավարը շեշտել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն ռազմավարական համակարգումը և վճռականորեն պաշտպանեն իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Կիմ Չեն Ընն էլ վստահեցրել է՝ երկկողմ բարեկամությունը «առաջնային կարևորության ռազմավարական հարց է»:
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Պեկինը և Փհենյանը կարող են ներկայացնել այս հանդիպումը որպես հաջողություն, քանի որ Սին վերահաստատել է Հյուսիսային Կորեայում իր ազդեցությունը, իսկ Կիմը տնտեսական և քաղաքական օգուտներ է քաղել։ Նաև նշվում է, որ Չինաստանին մտահոգում են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի խորացող հարաբերությունները և Մոսկվայի ազդեցության աճը: