ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ թանգարանային հուշանվերների արտադրությանը և վաճառքին:
«Պետք է հիշեցնեմ, որ ձևավորվել էր Մշակույթի զարգացման հիմնադրամը, և հիմնադրամին է փոխանցվել որոշ գործառույթների իրականացումը, ինչպիսին մարքեթինգային քաղաքականությունն է, նաև հուշանվերների արտադրության հետ կապված հարցերն են: Մենք հուշանվերների արտադրանքի մասին խոսելիս խոսում ենք սերիական արտադրանքի մասին, որի մասով ունենք պայմանավորվածություններ: Համապատասխան մրցույթները կայացել են, շուկայի շատ լուրջ ուսումնասիրություն է արվել՝ հասկանալու ամենաշատ սպառվող հուշանվերները, դրանց գնային արժեքների, սեգմենտների հետ կապված հարցերը: Մենք, ըստ էության, ֆոնդ ենք ձևավորում՝ սկզբնական խմբաքանակ պատվիրելով մեր թանգարանների համար, այնուհետև այդ վաճառքից ստացված եկամուտների որոշ մասը գալու է համալրելու այդ ֆոնդը, և շարունակաբար պատվիրելու ենք հուշանվերների նոր շարքեր»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ Թանգարանների խորհրդում մանրամասն քննարկվել են հուշանվերների դիզայնին, դրանց ներկայացվող պահանջներին վերաբերող հարցերը:
«Կարծում եմ, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում արդեն առաջին այս շարքի հուշանվերները կլինեն վաճառքում: Մենք կունենանք նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում, կարծում եմ՝ մինչև տարեվերջ համապատասխան շինաշխատանքները ավարտված կլինեն: Մենք այսօր արդեն տեսնում ենք, որ հուշանվերային արտադրանքից բացի, այս ընդհանուր մոտեցումներից առանձին համագործակցություններ են ձևավորվում տարբեր հանրաճանաչ բրենդային արտադրողների հետ համատեղ արտադրանք, հուշանվերներ արտադրելու: Հուշանվերները տարբեր դասի են լինում, և տարբեր սեգմենտների համար աշխատանք ենք պլանավորում, էլ չեմ ասում, թե ինչ պոտենցիալ ունի արարողակարգային նվերների այս հուշանվերային արտադրանքի պատշաճ կազմակերպումը և իրացումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: