ՀՀ առողջապահության նախարարությունը Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ մշակել է «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» խորագրով բանաձև:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ժնևում ընթացող առողջապահության համաշխարհային վեհաժողովի (WHA 79) շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության համահեղինակմամբ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպած «Արյան մակարդելիության խանգարումներով անձանց համար առողջապահական հավասար հնարավորությունների ապահովում» խորագրով հարակից միջոցառմանը:
«Բանաձևի հաստատումը կնպաստի ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման և խնամքի հասանելիության բարելավման ուղղությամբ գլոբալ և համակարգված շրջանակի ձևավորմանը»,- բանաձևի կարողությանն անդրադառնալիս բացման խոսքում ընդգծել է պատվիրակության ղեկավար` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Վեհաժողովի ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ նիստին բանաձևը ԱՀԿ բոլոր 194 անդամ պետությունների կողմից ընդունվել է միաձայն, որին կհաջորդի բանաձևով սահմանված կետերի իրականացման փուլը` համաձայն 2026-2028 թթ. ժամանակահատվածի համար մշակված ճանապարհային քարտեզի։