Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, Հայաստանում ընտրակեղծարարության էջը փակված է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով 14 անձի ձերբակալության դեպքին:
Նրա խոսքով՝ ով կփորձի նման ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին, ինչը մենք տեսնում ենք:
«Իրավապահ մարմիններն աշխատում են, ես այս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իր մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և բոլորը պատասխան են տալու՝ առանց որևէ կարգավիճակի:
«Ես նաև տեսնում եմ, որ մարդիկ ինչ-որ հղումներ են անում մարդկանց տարբեր կարգավիճակներին, միևնույն ժամանակ այդ կարգավիճակի, օրինակ՝ կերակրող մոր կամ կնոջ կարգավիճակը հաշվի չառնելով՝ նրանց դրդում են տարբեր տեսակի հանցանքների. խոսքն ընտրական զեղծարարության մասին է, հետո գալիս ասում են, թե կերակրող մայր է, նրան ձերբակալեցին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե օրենքը չի ճանաչում կարգավիճակ:
«Այս իմաստով լավ է, որ դատարանը խափանման միջոցը կիրառել է կերակրող մոր վերաբերյալ վարչական հսկողությունը, ինչը ես ասում եմ, որ ոչ թե պատիժ է էս դեպքում, այլ փրկություն, որովհետև պետության հովանու ներքո այդ մարդիկ չեն կարողանա նոր հանցանքների գնալ և վտանգել իրենց երեխաներին: Իսկ մնացած գործընթացներն իրավական գործընթացներ են: Հայաստանում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա: Մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու»,- խոսքը եզրափակեց ՔՊ խմբակցության քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն:
Դատարանը նույն որոշումը կայացրել է նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ:
Հիշեցնենք՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել էր քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել էին: