Bloomberg-ը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հաղորդել է, որ ապրիլի 10-ի երեկոյան Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ապրիլի 11-ին ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների համար։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ պատվիրակությունը կգլխավորեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
Չնայած Իրանը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին կամ պատվիրակության կազմը՝ պետական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Արաղչին և Ղալիբաֆը կգլխավորեն բանակցային թիմը։
Թեհրանը պնդում է, որ Իրանին հաջողվել է համոզել Միացյալ Նահանգներին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Լիբանանի վրա հարձակումները դադարեցնելու համար, որը կարևոր պայման էր Իսլամաբադի բանակցություններին մասնակցելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տարածված հաղորդագրություններն այն մասին, որ ինքը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում։ Իր հերթին, Նեթանյահուն հայտարարել է, որ հրաման է տվել ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ։