Սահմանադրության հետ կապված իրավաբանական աշխատանքն ավարտված է, ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել, գիտեմ՝ սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք կարող այդ մասշտաբային պրոցեսը թողնել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների: Դա լրջագույն ռազմավարական հարց է: Իհարկե, կառավարող ուժը, որն ունի ՀՀ քաղաքացիների մանդատը՝ կառավարելու ՀՀ-ն, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն, և ես էլ անձամբ զբաղվում եմ»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 16-ին հայտնել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում: Նա նշել էր, որ սահմանվելու է նաև ժամկետ՝ տեքստը հանրությանը ներկայացնելու համար: