Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում, և տեքստն արդեն պատրաստ է, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և կուսակցության վարչությունում, որից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով: Այդ մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Հաշվի առնելով այն, որ այս աշխատանքները շատ են ձգձգվել, մենք որոշեցինք այդ դրույթների հիման վրա մշակել տեքստը, ինչը արել ենք: Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, և կառավարման այս կարգից շեղում չկա, որովհետև այն կածիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել՝ օրինակ, վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն:
Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները այլևս չներկայացվեն որպես երկրորդ սերնդի իրավունքներ, այլ դառնան հիմնական իրավունքներ: Խոսքս սոցիալական ապահովության իրավունքի և առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում:
Դատական իշխանության հետ կապված՝ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու: Իհարկե, դեպքերը և կարգը՝ երդվյալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու, պետք է սահմանվեն համապատասխան օրենքներով:
Նախատեսում ենք նաև որպես սկզբունք գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա, դատախազական համակարգում խիստ բրգաձևության զիջում դեպի կոլեգիալություն, և մասնավորապես ԲԴԽ օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի Բարձրագույն դատախազական խորհուրդ կամ Գլխավոր դատախազական խորհուրդ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստը հրապարակելու ժամկետներին, ապա, ըստ նախարարի, միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չի կարող իրականացվել: Սահմանվելու է նաև ժամկետ՝ տեքստը հանրությանը ներկայացնելու համար: