Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, և ասեմ՝ ինչու: Որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա: Չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և անկախ պետություն կառուցել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի՝ նախօրեի ելույթին, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև Հայաստանի հոգևոր դասին, Փաշինյանը պարզաբանեց. «Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագների ժամանակ (ընդ որում՝ պատարագի տեքստում նման բան չկա), պատարագի տեքստից շեղվում են և ասում են՝ «Արցախի Հանրապետություն» և այլն:
Շատ լավ, եթե բոլորս հղում ենք անում Արցախի Հանրապետությանը, դա նշանակում է, նախ, կոնֆլիկտ: Հետո՝ եթե այդ տեսությունը մենք որդեգրում ենք, տեսության որդեգրման ճանապարհին պիտի գնանք կոնֆլիկտի. ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ այսօր, վաղը, մյուս օրը»:
Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ասել է՝ Ղարաբաղյան շարժում չկա. «Ամեն անգամ, երբ խորանից հղում են անուն, երբ ամեն ամբիոնից ասում են՝ «Արցախի Հանրապետություն», պատերազմի ճանապարհին ոտք դնել է: Բա ամեն անգամ, երբ մենք նման բան ասում ենք, Ադրբեջանն էլ իր խոսույթն է զարգացնում:
Որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ց վերադարձ: Կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշում: Այդ թեմաները զարգանում են, բախվեն իրար ու դառնա պատերազմ»,- ասաց նա: