Իրանի 24 շրջանում ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 201, վիրավորվել՝ 747 մարդ։ Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի տվյալներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 85 մարդ։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին․ գնդակոծության են ենթարկվել օբյեկտներ Թեհրանում, Սպահանում, ինչպես նաև արևմտյան Քերմանշահ նահանգում։
Հարվածների սկսվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել իրանական ուժերին «զենքը վայր դնել կամ բախվել անխուսափելի մահվան»։ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների հիմնական նպատակն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն է։
Իրանի իշխանությունները խոստացել են տալ «կործանարար» պատասխան՝ հարվածներ հասցնելով Իսրայելի տարածքին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։