Թեհրանի կենտրոնական և այլ հատվածներում, Սպահանում, Ղոմում, Թավրիզում և այլ բնակավայրերում պայթյուններ են որոտացել, հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտների խոցման մասին:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում են պետական և այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները: Հաղորդվում է վիրավորների մասին: Reuters-ի տվյալով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ: Նա տեղափոխվել է անվտանգ վայր: Տեղեկություններ կան, որ պայթյուններից մեկը եղել է նրա կեցավայրի մոտակայքում: Հայտարարվել է Իսլամական Հանրապետության օդային տարածքը փակելու մասին:
Իսրայելից հայտարարել են, որ կանխարգելիչ հարված են հասցրել Իրանին: Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ առաջիկայում Իսլամական Հանրապետությունը կփորձի ավիահարվածներ հասցնել Հրեական Պետությանը, ուստի երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, օդային տարածքը փակվել է, բոլոր միջոցառումները հետաձգվել են, մարդկանց հորդորել են դուրս չգալ տներից։ Իսրայելի ընդդիմությունն աջակցություն է հայտնել իշխանության որոշմանը:
Հրեական պետության պետական հեռուստաալիքի տվյալով՝ ռազմական գործողությունն ստացել է «Առյուծի մռնչոց» անունը:
Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասշտաբային ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ:
Նրա խոսքով՝ Թեհրանի գործողություններն անմիջական վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի և արտերկում ամերիկյան ռազմաբազաների համար:
«Կոչնչացնենք Իրանի հրթիռները և ռազմական արդյունաբերությունը: Նրանք հովանավորում են ահաբեկչությունը: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը:
Լուրեր են շրջանառվում, որ հարվածները կարող են շարունակվել առնվազն 4 օր:
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ կապված, սակայն դժգոհ է միջուկային գործորքի շուրջ բանակցություններից, որոնք մեկնարկել էին վերջին օրերին:
ԱՄՆ նախագահը պնդել էր՝ Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, հավելել՝ երբեմն հարկավոր է լինում ուժ կիրառել: Թեև Թեհրանը և միջնորդի դեր ստանձնած Օմանը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքը:
Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից և թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում: