Թեհրանի կենտրոնական և այլ հատվածներում, Սպահանում, Ղոմում, Թավրիզում և այլ բնակավայրերում պայթյուններ են որոտացել, հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտների խոցման մասին:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում են պետականև այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները: Հաղորդվում է վիրավորների մասին:
Reuters-ի տվյալով՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ: Նա տեղափոխվել է անվտանգ վայր:
Տեղեկություններ կան, որ պայթյուններից մեկը եղել է նրա կեցավայրի մոտակայքում: Հայտարարվել է Իսլամական Հանրապետության օդային տարածքը փակելու մասին: Իսրայելից հայտարարել են, որ կանխարգելիչ հարված են հասցրել Իրանին:
Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ առաջիկայում Իսլամական Հանրապետությունը կփորձի ավիահարվածներ հասցնել Հրեական Պետությանը, ուստի երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, օդային տարածքը փակվել է, բոլոր միջոցառումները հետաձգվել են, մարդկանց հորդորել են դուրս չգալ տներից։
Իսրայելի ընդդիմությունն աջակցություն է հայտնել իշխանության որոշմանը: Իսրայելական մամուլը գրել է, որ Իրանի դեմ գործողությոանը ներգրավված են Իսրայելի և ԱՄՆ-ի ուժերը: Վաշինգտոնը չի հաստատել այդ տեղեկությունը: Իսրայելի ՊՆ-ից մանրամասնել են, որ հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս:
Լուրեր են շրջանառվում,որ հարվածները կարող են շարունակվել առնվազն 4 օր:
Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ կապված,սակայն դժգոհ է միջուկային գործորքի շուրջ բանակցություններից, որոնք մեկնարկել էին վերջին օրերին:
ԱՄՆ նախագահը պնդել էր՝ Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, հավելել՝ երբեմն հարկավոր է լինում ուժ կիրառել: Թեև Թեհրանը և միջնորդի դեր ստանձնած Օմանը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքը:
Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից և թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում: