Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը փետրվարի 19-ին Մոնրեալ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրի Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանի հետ: Այդ մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

Ն. Պահլավունի-Չաքմաքչյանը ՀՀ դեսպանին է ներկայացրել անվանի արվեստագետի հարուստ ժառանգության նմուշները՝ բրոնզե, կավե, գրաֆիկական և այլ ստեղծագործությունները։
Երկուստեք կարևորվել է վաստակաշատ մշակութային գործչի աշխատանքները պահպանելու և հանրության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։
Հարություն (Արտո) Չաքմաքչյանը (1933-2019 թթ.) եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015 թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան։

Նրա «Քայլող մարդը» արձանը 2021 թ. տեղադրվել է Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում։
Ա. Չաքմաքչյանի այրին 2024 թ. նրա 16 գրաֆիկական ստեղծագործությունները և 2 քանդակը նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին։