Դեկտեմբերին Ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որի արդյունքում ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և Կառավարության այս որոշումներով կարգավորում ենք ամբողջ գործընթացը: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով: Եվ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերը առաքենք տուն»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ դեկտեմբերի սկզբին, երբ անկանխիկի դաշտ անցնելու խոսակցությունը սկսվեց, կար 50 հազար քաղաքացի, որ կենսաթոշակ և նպաստ ստանում էր կանխիկ եղանակով: Այսօր առավոտվա դրությամբ այդ քաղաքացիների թիվը 25,539 է, այսինքն՝ մոտ 30 հազար քաղաքացի ինքնուրույն անցել է անկանխիկի դաշտ: Օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում է ինքնուրույն անցնել անկանխիկի դաշտ՝ ընտրելով իր նախընտրած բանկը, և եթե գործընթացն ինքնուրույն չարվի, ապա, ըստ նախարարի, բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով և պատահականության սկզբունքով:
«Ընտրությունն ավտոմատ կատարելոց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, մենք ապահովելու ենք քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով: Առաքումից հետո թոշակը կամ նպաստը քաղաքացիները կստանան քարտով»,- ասաց նա: