Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբու Դաբիում ստացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի ֆինանսական կողմին։
Հարցին, թե արդյոք ստացե՞լ է «Զայեդ» մրցանակով նախատեսված 1 միլիոն դոլարը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ մրցանակային ֆոնդը կիսվելու է։
««Զայեդ» մրցանակը, այո՛, ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց քանի որ գիտեք, որ կիսել ենք, այսինքն՝ Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ 500 հազար դոլարի մասին կլինի խոսքը։ Ընթացք կա, դեռ գումարը փոխանցված չէ, բայց վստահ եմ՝ կփոխանցվի»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ գումարն ուղղվելու է հանրային կարիքների․ «Ես մտածում եմ, բնականաբար, այդ գումարը ինչ հանրային կարիքի և ինչ նպատակի պետք է ուղղել։ Մտածում եմ՝ երբ որ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի, կհայտնենք»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին է հանձնվել «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը: