Առաջին իշխանության անդամ լինելով՝ մինչև այսօր իմ պատկերացումները մեր իրավիճակների մասին չեն փոխվել կամ եթե փոխվել են, ապա ադապտացվել են այսօրվա քաղաքական այն իրավիճակին, որի մեջ ՀՀ-ն հայտնվել է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը՝ ՀՌՀ անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
«Ինչ վերաբեում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեկ ասացի՝ հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը: Ես չեմ կարծում, թե Դաշնակցությունը եկավ և մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր: Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, քաղաքական ինչ իրավիճակների, դուք ինքներդ որոշեք:
Ինչ վերաբերում է ադապտացիա բառին, ես քաղաքական տերմին եմ օգտագործում, որը վերաբերում է նաև կուսակցություններին: Աշխարհում շատ կան հարյուրամյա կուսակցություններ, բայց ինչպես ժողովուրդները, ինչպես պատմական իրավիճակները, այնպես էլ կուսակցական գաղափարախոսությունները պետք է ադապտացվեն իրենց քաղաքական խնդիրներին»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց՝ կուզենար Դաշնակցությունը, մնալով Դաշնակցություն, այսօր երդում տար ՀՀ Սահմանադրության վրա, ապա ընդգծեց՝ այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին:
«Հայրենասիրությունը կիրք և տռփանք չէ, հայրենասիրությունը սեր է, ինտելեկտուալ հասկացողություն է: Իմ ելակետը սա է»,- ասաց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Դաշնակցության պատմությանը, ասաց՝ կուսակցությունում եղել են շատ լուսավոր մարդիկ, սակայն իր խոսքը վերաբերում է Դաշնակցության այսօրվա գործունեությանը:
«Ուրիշ ոչ մի բան»,- խոսքը եզրափակեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: