Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ին ընդունված եզրակացությունը, որով արձանագրվել էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը:
Գալստյանի խոսքով՝ ստանալով «Հայաստան» խմբակցության նախագահի դիմումը՝ հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով հարուցել է համապատասխան վարույթ, որի արդյունքում ընդունվել է ներկայացվող եզրակացությունը: Այն առնչվում է 2025-ի փետրվարի 13-ին հրապարակված՝ 1in.am լրատվական կայքին Հակոբ Հակոբյանի տված հարցազրույցի ընթացքում վերջինիս կողմից հնչեցված խոսքերին, որոնք հանձնաժողովի կողմից քննարկվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի համաձայն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողը նշեց, որ հարցազրույց տալիս Հակոբ Հակոբյանը թեև հանդես չի եկել ի պաշտոնե և հարցազրուցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար, սակայն անկախ այն հանգամանքից, որ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի ելույթներով և խոսքով հանդես գալը՝ հաշվի առնելով, որ այս մարմինների դեպքում առաջնային նշանակություն ունի քաղաքական իշխանություններից նրանց անկախությունը, տարանջատվածությունը և կառույցի քաղաքական չեզոքությունը:
«Ըստ այդմ՝ վարքագծի կանոնակարգի 64-րդ կետը կիրառելի է հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի դրսևորած վարքագծի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, որ հարցազրույցի շրջանակում Հակոբյանը չի ներկայացվել որպես ՀՌՀ անդամ, նրա պաշտոնը որևէ կերպ չի հիշատակվել, և նա ներկայացվել է որպես Հակոբ Մովսես՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար»,- ասաց նա՝ ներկայացնելով այն չափանիշները, որոնց հիման վրա հանձնաժողովը կատարել է Հակոբյանի խոսքի գնահատումը:
«Քննարկելով հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի հնչեցրած խոսքը, հանձնաժողովը կարևորել է, որ այն նախ պետք է տարանջատել երկու հատվածի՝ պատմական իրողությունների վերաբերյալ խոսք և կուսակցության ներկայիս գործունեության կամ գաղափարախոսության վերաբերյալ խոսք: Ըստ այդմ՝ եզրակացությամբ արձանագրել ենք, որ Հակոբ Հակոբյանի կողմից քննարկված պատմական իրողությունները կամ գնահատականները, կապված հայ ժողովրդի պատմության ընթացքում ՀՅԴ-ի դերի հետ, վերաբերում են ազգային մտածողության, մտածողության մոտեցումներին, որոնք, ըստ պարոն Հակոբյանի, հանգեցրել են հայ ժողովրդի համար կործանարար հետևանքների»,- ասել է Գալստյանը:
Հանձնաժողովը գտել է, որ Հակոբ Հակոբյանը իր խոսքով մեկնաբանել և քննադատել է ՀՅԴ-ի գործունեությունն ու գաղափարախոսությունը:
Վերոգրյալից ելնելով՝ հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը այնքանով, որքանով պարունակում է կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման: