Հակակոռուպցիոն կոմիտեն «Լուրերի»-ն հայտնել է, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հաստատեցին կոմիտեից:
«Լուրերի» տեղեկություններով՝ խոսքը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին է:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել էր «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։
Վարչապետը նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որ, ըստ էության, «Մարտի 1»-ի գործը բացահայտված է:
«Հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի»,- ասել էր վարչապետը։
«Մարտի 1-ի» գործով որպես հիմնական մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ մեղադրող կողմի, ունեցել է իր դերակատարումը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում։ Նրանք են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։