Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մասկատի արքայական օպերային թատրոնի հրավերով, համերգային շրջագայության է մեկնել Օման։ Փետրվարի 13-14-ը նվագախումբը կներկայացնի «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ նվագախումբն ամեն տարի տարբեր ծրագրերով հանդես է գալիս Մասկատի արքայական օպերային թատրոնում՝ սիմֆոնիկ երաժշտությունից մինչև բալետային ժանրեր, օպերա գալա համերգներ, կինոերաժշտություն։ Նվագախումբը միշտ ջերմ ընդունելության է արժանանում, ելույթներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և համերգների տոմսերը սպառված են լինում։ Սարգիս Բալբաբյանը նշում է՝ ուրախ են, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կապող օղակ է Հայաստանի և Օմանի մշակութային հարաբերություններում։
Օմանում կայանալիք համերգները կղեկավարի ամերիկացի դիրիժոր Էրիկ Օքսները։